Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում Գերմանիայի հետ հարաբերությունները բարելավելու հույս ունի: Այս մասին, ինչպես հայտնում է Sabah պարբերականը, Ղրղզստանից վերադառնալիս օդանավում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները, բացառությամբ մի քանի երկրների, բարելավվելու հնարավորություն ունեն: Մենք այս ամսվա վերջին [Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ] թուրք-գերմանական փոխհարաբերությունների շատ թեմաներ քննարկելու հնարավորություն կունենանք: Գերմանիան ԵՄ-ում նշանակալիորեն կարեւոր դիրք ունի, իսկապես առաջնորդող»,- շեշտել է նա:

Միաժամանակ Էրդողանը կրկին Եվրամիությանը քննադատել է այն պատճառով, որ փախստականների մասին համաձայնագրով խոստումը չի կատարել: Նա միությանը կոչ է արել կատարել ձեռք բերված համաձայնագրով տված խոստումները:

Վերջին տարիները նշանավորվել են Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունների զգալի սառեցմամբ, որի պատճառը մի շարք գործոններ էին: Առաջին հերթին խոսքը Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալության մասին է՝ լրագրողների եւ իրավապաշտպանների:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով Գերմանիա կժամանի: