Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան եւ Ալավերդի քաղաքներում ԵՄ աջակցությամբ բացվեց չորս նոր բիզնես: Բոլոր ձեռնարկությունները գործունեությունը սկսել են ԵՄ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Նոր ձեռնարկությունների բացմանը ներկա էին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մարզային մասնաճյուղի, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ապիտուրիզմը եւ ապիթերապիան նորույթ են Հայաստանի համար: Մեղուների միջոցով բուժումներ իրականացնելու նպատակով է Վիգեն Մնացականյանն Ալավերդի քաղաքում հիմնեց իր բիզնեսը՝ ԱրմԲի-ն: Վիգենը ոգեւորված էր մեղվապահական բիզնեսի գաղափարով եւ հատկապես մտադրվել էր իր գիտելիքները եւ հմտությունները կիրառելով՝ զբաղվել ապիտուրիզմով։ «Ես ցանկանում էր կազմակերպել մեղվապահական տուրեր, ուր զբոսաշրջիկները կկարողանային ուսումնասիրել  մեղվապահությունը, դիտել մեղրաքամը եւ մեղվապահությանն առնչվող այլ գործողությունները, իսկ հատուկ պատրաստված ապիտնակներում մարդիկ կարող են շնչել  փեթակի բուժիչ ջերմ օդը, համտեսել լեռնային խոտաբույսերի թեյերը եւ հանգստանալ՝ վայելելով մեղուների քաղցր ու հանգստացնող բուրմունքը՝ լսելով նրանց բզզոցը»,- նշեց երիտասարդ սկսնակ գործարարը։ ԵՄ աջակցությամբ անցկացված դասընթացին մասնակցելուց, ֆինանսական եւ վարկային միջոցներն ստանալուց հետո Վիգենն անցավ գործի: Նա բարեկարգեց տարածքը, կառուցեց երկու ապի-տնակներ եւ այժմ պատրաստ է ընդունել հաճախորդներին: 

Վանաձորում բացված «Գանձակ» արագ սննդի եւ հացաթխման կետի  սեփականատեր Ռուզաննա Հայրապետյանը նոր բիզնեսը հիմնել է իր ընտանիքին պատկանող չգործող նախկին կահույքի սրահի տեղում: «ԵՄ եւ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ստացած վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ձեռք բերեցինք անհրաժեշտ կահույքն ու սարքավորումները: Իսկ տարբերանշանի ձեւավորման եւ վահանակի պատրաստման հարցում օգնեց ծրագրի գործընկեր «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ»-ն»,- նշեց կին ձեռներեցը:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը շեշտեց, որ Ռուզաննա Հայրապետյանը հաջողակ կին ձեռներեցի վառ օրինակ է: «Ձեր հաջողությունը բոլորիս թիմային աշխատանքի արդյունքն է»,- նշեց Գրիգորյանը:

Արման Առաքելյանը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում հիմնել է «Լոռե» ՍՊԸ-ն, որը մատուցելու է հյուրընկալության ծառայություններ՝ նախատեսված եւ ակտիվ, եւ պասիվ հանգստի սիրահարների համար։ Լոռեն ակտիվ տուրիզմի սիրահարներին առաջարկելու է ոչ միայն արգելքներով պատ, այլեւ զիփլայն եւ այլ արկածային եւ էսքտրեմալ զբոսաշրջային ծառայություններ: «Լոռե» հանգստի գոտին տրամադրելու է նաեւ գիշերակացի ծառայություններ, հանգստյան առանձնատներ, կազմակերպելու արշավներ,  ճամբարներ։

«ԵՄ աջակցությամբ իրականացված դասըթացների շնորհիվ, կարելի է ասել, որ մեր աչքերը բացվեցին, ու հիմա այնպիսի կարեւոր հանգամանքներ ենք տեսնում, որ առաջ չէինք էլ նկատում կամ կարեւորում: Ֆինասական աջակցությունը հնարավորություն տվեց պատշաճ տեսքի բերել տարածքները եւ ընդլայնել մեր ծառայությունները։ Կարծում ենք մոտ ապագայում կընդլայնվենք եւ կստեղծենք նոր աշխատատեղեր», նշեց Առաքելյանը։

Իսկ նույն Ստեփանավանում բացված եւս մեկ հյուրատան սեփականատերն է Համլետ Թումասյանը: Նա ԵՄ աջակցությամբ կազմակերպված գործարար դասընթացին մասնակցելուց հետո ստացած վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ավարտին հասցրեց շինարարական եւ բարեկարգման աշխատանքները եւ ձեռք բերեց անհրաժեշտ կահավորանքը, նաեւ տեղադրեց փոքրիկ արեւային կայան: Համլետն իր ընտանեկան հյուրատանն առաջարկելու է նաեւ էքսկուրսիաներ, հեծանվային  արշավներ, ձիավարություն եւ այլն։ «Ստեփանավանը հայտնի է որպես հանգստյան վայր իր առանձնահատուկ բնակլիմայական պայմաններով։ Եվրամիության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ մեր շինությունը հարմարեցնել որպես հյուրատուն, կահավորել, եւ ինչը ամենակարեւորն է, կառուցել ֆոտովոլտանիկ կայան եւ խնայել էներգիան։ Մենք ուզում ենք մեզ մատուցել որպես «կանաչ» հյուրատուն»,- շեշտեց Թումասյանը:

Գործարարների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենը նշեց, որ նրանց գործունեությունն ուղղված է ոչ միայն իրեն ընտանիքների, այլեւ համայնքի, մարզի եւ երկրի ընդհանուր բարեկեցությանը: «Հենց ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ ստեղծվում են նոր աշխատատեղեր, վճարվում են ավելի շատ հարկեր, ինչի շնորհիվ էլ ի վերջո հնարավոր է դառնում պետական աջակցության շնորհիվ ստեղծել նոր ձեռնարկություններ»,- ընդգծեց Արշակ Գրիգորյանը:

Նշված չորս նորաբաց ՓՄՁ-ներն արդեն ստեղծել են ինը նոր աշխատատեղ եւ առկա է ավելացման միտում։

Գործարարների շուկայավարման կարողությունների զարգացման նպատակով, ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն տրամադրել է  մասնագիտացված խորհրդատվություն՝ շուկայում ծառայությունների պատշաճ ներկայացման, ճանաչվածության բարձրացման եւ այլ ուղղություններով: