«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել էր ընկերության հաշվին, ԲԷՑ-ի աշխատողների միջոցով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ հավելելով, որ ԲԷՑ-ում ուսումնասիրությունները դեռ չենք ամփոփել:

«Ընկերության աշխատակիցները տնօրենի հանձնարարականով կառուցել են նրա տունը»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ Սանասարյանի, Ընկերությունում հայտնաբերել են դեպքեր, երբ բրիտվայով քերել, ջնջել էին տրանսֆորմատորների վրայի տվյալները եւ գրիչով նորից վրայից գրել այլն տվյալներ. «Հենց այսօր եւս մեկ գրություն կստանա դատախազությունը, ըստ որի 300 մլն դրամ արժեղությամբ տրանսֆորմատորը որպես ջարդոն 12 մլն-ով լիկվիդացրել էին, իսկ հետո մենք ոստիկանների հետ համատեղ այդ տրանսֆորմատորը գտանք «Միկմետալ» ընկերությունում, որտեղ աշխատում էր: Մինչդեռ նշված էր, որ վերանորոգման ենթակա չէ»: