Բրիտանական ոստիկանությունը նշել է այս տարվա մարտին ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար կասկածվող երկու ռուսների անունները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կասկածյալները Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ են, փոխանցում է BBC-ն:

«Բավարար պատճառներ կան ՌԴ քաղաքացիներին Ալեքսանդր Պետրովին եւ Ռուսլան Բաշիրովին մեղադրանք ներկայացնելու համար, այդ թվում՝ Սոլիսբերիում թունավոր գազի կիրառմամբ սպանության նպատակով դավադրության համար»,-հաղորդում է ոստիկանությունը: Սքոթլենդ Յարդը նշում է, որ մեղադրյալների անունները, ամենայն հավանականությամբ, իրական չեն:

Ինչպես հայտնում է Բրիտանիայի թագավորական դատախազությունը, ռուսների ձրբակալության համար եվրոպական օրդեր էր տրվել, սակայն նրանց արտահանձնման մասին դիմում չի եղել:

Թերեզա Մեյի խոսքով՝  Սոլսբերիում թունավորման համար թույլտվությունը տրվել է ՌԴ բարձրագույն ղեկավարության կողմից: «Անցկացված Հետաքննության հիման վրա կառավարությունը եզրակացնում է, որ երկու քաղաքացիները, որոնց անունները նշել է ոստիկանությունն ու դատախազությունը, ՌԴ ռազմական հետախուզության՝ ԳԽՎ-ի անդամներ են»,- ասել է նա: «Սա պարզապես հանցավոր գործողություն չէր: Ամենայն հավանականությամբ, այն հաստատվել էր ԳՀՎ-ի սահմաններից դուրս՝ Ռուսաստանի իշխանության ամենաբարձր մակարդակով»,- հավելեց նա: