ԱՊՀ անդամ երկրների պետական լրատվական գործակալությունների ղեկավարները համաձայնության են եկել համագործակցության շուրջ, այդ թվում՝ տուրիզմի ոլորտում: Այս մասին հայտարարվել է հինգշաբթի Չուլպոն-Ատեում ԱՊՀ Տեղեկատվական խորհրդի 25-րդ նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ է այս ուղղությամբ աշխատանքը շարունակել, այդ թվում՝ մշակույթի եւ տուրիզմի ոլորտներում: Մեր երկրների տեսարժան վայրերը ընդհանուր սեփականություն են, որոնք մենք՝ պետական լրատվական գործակալություններս, պարտավոր ենք հանրաճանաչ դարձնել»,- հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Կալմիկովը:

ԱՊՀ Տեղեկատվական խորհուրդը ստեղծվել է 1995 թվականի նոյեմբերին: Դրա կազմի մեջ են մտնում Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի պետական լրատվական ծառայությունների ղեկավարները: Խորհրդի գործունեությունն ուղղված է տեղեկատվական ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության եւ համագործակցության ապահովմանը, տեղեկատվության անխոչընդոտ տարածման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ մասնագիտական գործունեության փորձի արդյունավետ փոխանակմանը, ինչպես նաեւ մեդիագործընկերության ամրապնդմանը: