Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 41%-ով:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է, որ Արցախ այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը եւս ընդլայնվել է։

«Նախորդ տարի Արցախը 95 երկրներից հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների. նրանց գերակշիռ մասը ՌուսաստանիԴաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ եվրոպական այլ երկրներից ժամանածներն են։ 2017 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկներ ենք ունեցել նաեւ Կամերունից, Մոնղոլիայից, Բենինից, Սալվադորից», - մանրամասնել է ոլորտի պատասխանատուն։

Զբոսաշրջիկներին հիմնականում հետաքրքրում են Արցախի գեղատեսիլ բնությունը, պատմաճարտարապետական հուշարձանները, որոնցից Արտակ Գրիգորյանն առանձացրել է Գանձասարի վանական համալիրը, Նիկոլ Դումանի տուն-թանգարանը, Տիգրանակերտն ու Հունոտի կիրճ բնապատմական արգելոցը։

«Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շահագործումից հետո զբոսաշրջիկների մեծ հոսքեր են նկատվում նաեւ դեպի Դադիվանք վանական համալիր։ Որպես առանձին զբոսաշրջային կենտրոն կառաձնացնեի նաեւ Շուշի քաղաքը, որը վերջին տարիներին համալրվում է նոր զբոսաշրջային ենթակառուցվածքներով», - նշել է Ա. Գրիգորյանը: