Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը, ում նկատմամբ հայտարարվել էր ԱՊՀ միջպետական հետախուզում, ՌԴ տարածքում հետախուզումից հանվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:

Նրա խոսքով՝ «Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերի ուսումնասիրությունից հետո որոշում է ընդունվել ՌԴ տարածքում նրա հետախուզման չեղարկման մասին»: Նրա պարզաբանմամբ՝ այսպիսով, Ռուսաստանում «շնորհազրկված գեներալին ոչ մի բան չի սպառնում»: Սակայն, ինչպես նշել է աղբյուրը, ԱՊՀ երկրներում Հարությունյանի հայտնվելու դեպքում նա կարող է կալանավորվել եւ Հայաստանին հանձնվել:

Աղբյուրը ճշտել է, որ պաշտպանության նախկին նախարարին կալանավորելու եւ հանձնելու հարցումը Մոսկվայում ստացվել է որոշ ժամանակ առաջ՝ ոչ թե Հայաստանի գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման գծով: Ստացված կալանքի օրդերում նշված է անգամ ռուսական մայրաքաղաքում մեղադրյալի տան հասցեն:

Ավելի վաղ գործակալությանը մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ Հարությունյանի արտահանձնումը կմերժվի, քանի նա 2002 թվականից ռուսական անձնագիր ունի:

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի շրջանակում Հարությունյանին առաջադրվել է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք: