Չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից. դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա հիշեցրեց «կարուսել» կոչվոծ երեւույթի մասին, երբ ընտրողը դատարկ քվեաթերթիկը դուրս է հանում, տալիս ընտրակեղծիքների կազմակերպիչներին, հետո նրան են վերադարձնում արդեն քվեարկած քվեաթերթիկը:

«Ես առաջարկել էի, որ քվեաթերթիկ դուրս բերելը քրեականացվեր: Նախարարության մոտեցումն այն էր, որ փաստաթուղթ դուրս բերելը արդեն քրեորեն հետապնդելի արարք է: Բայց իրազեկման առումով քաղաքացիները պետք է իմանան, որ փաստաթուղթ է նաեւ այն քվեաթերթիկը, որը նա կարող է իր հետ դուրս բերել:

Ուզում եմ տեղեկացնել քաղաքացիներին, որ չի կարելի դատարկ կամ քվեարկված քվեաթերթիկը կամ ծրարը դուրս բերել տեղամասից: Դա նույնպես կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»,-ընդգծեց Մարուքյանը: