Այս տարի բավական տեղումներ էին եղել, բայց ջրամբարներն էլի չէին լցվել, թեեւ պետք է լցված լինեին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով պատճառն այն է, որ տարբեր ջրամբարների տակ գտնվող հէկ-եր հունվար-ապրիլ ամիսներին բավական շատ էլէկտրական էներգիա էին արտադրել, այսինքն այդ ջրերն օգտագործվել էր դրա համար:

«Մենք պարզել ենք, որ այդ հէկ-երն ավելի շատ ջուր են վերցրել, քան պետք է վերցնեին: Եթե ջրամբարները լցված լինեին, միգուցե Սեւանից լրացուցիչ ջրառի կարիքը այդքան չլիներ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ձկնաբուծարանների մասով եւս ավել ջրօգտագործումներ կան:

«Ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է տեսչական մարմնին, որը իրականացնում է ստուգումներ ձկնաբուծարաններում»,-ասաց Էրիկ Գրիգորյանը:

Նա նկատեց, որ այն ծավալների ջուրը, որ Հայաստանը հանում եւ լցնում է Արաքսը, հետո տալիս մեր հարեւաններին, շատ վատ բան է:

«Հայաստանում ձեւավորվում է 7-8 մլրդ խմ ջուր, բայց Հայաստանին պետք է 2 մլրդ խմ: Այսինքն Հայաստանն ունի 4 անգամ ավելի ջուր, քան օգտագործում է: Սակայն մենք ունենք խնդիրներ ջրօգտագործման հետ կապված: Ըստ էության, ջրային ծավալները գնալով նվազելու են, օրինակ 2030 թվականին արդեն 11 տոկոսով կնվազեն ծավալները: Կորուստները 50-60 տոկոս, աբսւորդ է, այս հարցերը պետք է լուծվեն»: