Գլխավոր դատախազությունը ստուգումներ է անցկացրել Հայաստանում գործող 150 հիդրոէլեկտրակայաններում եւ ջրային պաշարների օգտագործման զանգվածային խախտումներ, նորմատիվների գերազանցումներ եւ այլ իրավախախտումներ է հայտնաբերել: Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նա նշեց, որ իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը երկար տարիներ կառավարությանը կոչ է արել խոչընդոտել ՀԷԿ-երի ապօրինի գործունեությունը, որոնք հարստանում են գյուղացիների ոռոգման ջրի հաշվին: «Համայնքային եւ գյուղական վարչակազմերը իրավունք ունեն իրենք, առանց կառավարության միջամտության, խոչընդոտել ՀԷԿ-ի աշխատանքին, եթե այն նորմերը խախտում է: Նրանք կարող են մեզ դիմել իրավական խորհրդատվություն ստանալու»,- նշեց ՀԿ նախագահը:

Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն կասեցնելու ՀԷԿ-ի աշխատանքը դատախազության ստուգումների արդյունքների հիման վրա կամ աուդիտ հրավիրել, որպեսզի ստուգումները տեղում կազմակերպվեն: «Եթե կասեցվի ՀԷԿ-ի ապօրինի գործունեությունը, վստահ եմ, որ հաջորդ տարի ոռոգման համար ջրամբարներում բավարար քանակությամբ ջուր կամբարվի»,- եզրափակեց Հրաչյա Բերբերյանը: