Ոստիկանությունը բացահայտել է Վարդենիսի նախկին քաղաքապետի՝ 6.100.000 դրամի յուրացումը: Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նախնական համաձայնությամբ՝ խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար։

Պարզվել է նաև, որ 2017 թվականին քաղաքապետը համայնքի միջոցներով գնել է ուղեհարթիչի՝ գրեյդերի 6 անվադող, առանց համապատասխան իրավական հիմքերի դրանք տրամադրել է եղբորը պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով 996.000 դրամի վնաս։

Պետական միջոցները յուրացնելու դեպքով հարուցվել է քրեական գործ։