«Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն չի մասնակցի 2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է այսօր ճեպազրույցում, հաղորդում է «Նովոստի Վրաստանը»:

Այսօրվա ճեպազրույցում Բուրջանաձեն ասել է, որ իմաստ չի տեսնում պայքարում այն պայմաններում, երբ «նախընտրական միջավայրը վատթարանում է»: Քաղաքական գործիչն առաջիկա քվեարկությունը անվանել է «ֆարս», որը ծրագրված է միլիարդատեր եւ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կողմից:

Վրաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Դրանից անմիջապես հետո ուժի մեջ են մտնելու Սահմանադրության փոփոխությունները, ըստ որի նախագահը, չնայած կմնա երկրի ղեկավարը եւ գլխավոր հրամանատարը, ստիպված կլինի բոլոր որոշումները համաձայնեցնել կառավարության հետ: