ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը Մոսկվայում հանդիպման ժամանակ պայմանավորվել են աշխատել ռուսական գազի մատակարարման ժամանակ գնագոյացման հարցերի շուրջ, հայտնել է Փաշինյանը ՌԴ-ում գործող հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փաստացի ՌԴ-ից գազը Հայաստան է առաքվում բավականին ցածր գնով։ Սակայն խնդիրն այն է, որ սպառողները գազը ստանում են կրկնակի թանկ գնով։ Եվ մենք նախագահ Պուտինի հետ խոսել ենք, որ պետք է հասկանալ, թե ինչպես է այդ կրկնակի գինը գոյանում։ Անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հասկանալ, թե ինչպես է ընթանում գնագոյացման գործընթացն ու այդ մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնել․․․որ պայմաններն ավելի շահավետ լինեն։ Մենք պայմանավերվել ենք պարոն Պուտինի հետ, որ համատեղ կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ «Գազպրոմից» գազը ձեռք է բերում նրա դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիան», որն էլ որոշում է սակագները երկրի ներսում։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ն Հայաստանին գազը վաճառում է ցածր գնով, սակայն սպառողը դա չի զգում, եւ չի բացառել, որ դա կարող է կապված լինել վատ մենեջմենթի ու կոռուպցիայի հետ։ ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ Պուտինը հիշեցրել է, որ «Գազպրոմը» Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենացածր գներից մեկով՝ 150 դոլար 1 խոր․ մետի դիմաց։