Առնվազն յոթ մարդ է մահացել, 25-ը՝ տուժել կիրակի օրն Աֆղանստանի մայրաքաղաքի թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաընկերությանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել երեք մահացածի և 14 տուժածի մասին։ 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլով հարձակում է գործել Թայմանի տարածքում դաշտային հրամանատար և երկրի նախկին պաշտպանության նախարար Ահմադ Շահ Մասուդի կողմնակիցների ապաստարանի վրա, որոնք հավաքվել էին նշելու նրա մահվան տարելիցը։ Ինչպես հայտնում են հեռուստաընկերությունից, ավելի վաղ Աֆղանստանի անվտանգության ուժերը գնդակահարել էին մահապարտի, որը Քաբուլի թաղամասերից մեկում Մասուդի կողմնակիցների վրա հարձակում էր պլանավորում։

Ահմադ Շահ Մասուդը մահացել է 2001-ի սեպտեմբերին Պանջշերի կիրճի Խոջա Բահադին բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում: