Հայաստանը եւ Վրաստանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել մինչեւ 1 մլրդ դոլարի: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  իր վրացի գործընկեր Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման արդյունքներով, որը պաշտոնական այցով Երեւանում է:

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ տեղի է ունեցել շատ կարեւոր քննարկում, կողմերը միանգամայն հավակնոտ խնդիրներ են դնում: «Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են: Խնդիրը տնտեսական բաղադրիչը քաղաքական հարաբերությունների մակարդակին եւ 2 ժողովուրդների հարաբերություններին համապատասխանեցնելն է»,- շեշտեց Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են տրանսպորտին, տնտեսությանը, քաղաքականությանը: Այցի արդյունքներով կողմերը մտադիր են հարաբերություններին նոր խթան հաղորդել տարբեր ոլորտներում: «Վրաստանի վարչապետը ներկայացրեց հավակնոտ ծրագիր: Մենք այն լիովին աջակցում ենք. ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ այս նպատակով մոտ ժամանակում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի առաջ կդրվի տնտեսական, քաղաքական, հումանիտար, մշակութային հարաբերությունների զարգացման համար «ճանապարհային քարտեզ» կազմելու խնդիրը:

«Կարելի է արձանագրել, որ յուրաքանչյուր այցով հարաբերությունները նոր մակարդակի են բարձրանում»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունների անդամների անձնական հանդիպումները պակաս կարեւոր չեն միջպետական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից: