Առաջարկների էությունն այն է, որ քաղաքում գործող եւ ինչպես բազմաբնակարան շենքերի տակ, այնպես էլ դրանց հարակից տարածքներում գործող գիշերային ակումբների եւ այլ գիշերային հաստատությունների գործունեությունը կանոնակարգվի: Այս մասին սեպտեմբերի 10-ին ԱԺ-ում մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Առեւտրի եւ ծառայությունների մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառեավարման մասին» օրենքներում, Վարչական իրավախախտումների օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական հարկման եւ վճարումների մասին» օրենքներում: Կառավարությունը նախատեսում է այս օբյեկտների եւ հաստատությունների տերերին ժամկետ տրամադրել (մեկ տարվա սահմաններում) դրանք բնակելի տներից եւ բազմաբնակարան շենքերից որոշակի հեռավորությամբ տեղափոխելու համար, որ դրանց գործունեությունը գիշերային ժամերին չխախտի բնակիչների անդորրը:

Ցանկանում են նաեւ ապագայում բնակելի տների, բազմաբնակարան շենքերի, բուժհաստատությունների եւ պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցների անմիջական մոտակայքում նման կարգի հաստատությունների բացման արգելք սահմանել: Առաջարկվում է, որպեսզի նման հաստատության բացման թույլտվության տրամադրումը վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին: Ըստ որում՝ նրանք էլ կորոշեն, թե տվյալ հաստատությունները բնակելի տներից կամ օբյեկտներից ինչ հեռավորությամբ պետք է տեղակայվեն: Այսպիսի օբյեկտներ բացելու համար ձեռներեցները ստիպված կլինեն վճարել 10 հազար դրամից մինչեւ 20 հազար դրամ հարկ, իսկ մայրաքաղաքում 30 հազարից մինչեւ 50 հազար դրամ: Իսկ մերկապարերի ակումբների դեպքում այս գումարը կտատանվի 100 հազարից մինչեւ 300 հազար դրամի սահմանում»,- հավելեց Մինասյանը:

Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, մայրաքաղաքում այս հարկը կկազմի 300-500 հազար դրամ: Վճարումների չափը կորոշվի տեղակայման վայրով, նրա չափերով եւ այլն, իսկ նշված նորմերի խախտումների դեպքում տուգանքներ կկիրառվեն նվազագույն աշխատավարձի 50-ից մինչեւ 100 դրույքաչափով: Մեկ տարում երկու խախտման դեպքում՝ 200-ից մինչեւ 300 դրույքաչափով:

Դրա հետ մեկտեղ, մերկապարերի ակումբների դեպքում կսահմանվեն ավելի խիստ պահանջներ ու պատժամիջոցներ: Այսպես՝ նշված պահանջների չկատարման դեպքում այս հաստատությունները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 300-ից մինչեւ 500 դրույքաչափի սահմաններում, իսկ նույն տարում երկրորդ խախտման դեպքում տուգանքը կկազմի 1 մլն դրամից մինչեւ  1 մլն 300 հազար դրամ:

Հարկ է նշել, որ այս օբյեկտների ցանկի մեջ են հայտնվել ոչ միայն գիշերային եւ մերկապարի ակումբները, այլ նաեւ կարաոկե բարերը, դիսկոտեկները, շոգեբաղնիքները, բաղնիքները եւ հոսթելները: