Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության եւ չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման ոլորտներում:

Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝

• օծանելիք եւ կոսմետիկ արտադրանքներ,

• խաղալիքներ,

• ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ),

• ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք,

• երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք:

Ինչպես տեղեկացնում են մարմնի լրատվական բաժնից, վերոնշյալ ոլորտներում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են տարբեր բնույթի խախտումներ, որոնցից.

Օծանելիք եւ կոսմետիկ արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթի եւ մակնշման,

Խաղալիքներ - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի եւ մակնշման,

ԱԳԼՃԿ - վաճառքն իրականացվել է խորանարդ մետրով` կիլոգրամի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը,

Ավտոմոբիլային բենզին եւ դիզելային վառելիք - վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին՝ օկտանային թվի եւ ծծմբի պարունակության անհամապատասխանություն,

Երեխաների եւ դեռահասների համար նախատեսված արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի եւ մակնշման:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման եւ կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երեւանում եւ թե մարզերում: Երեւանում կազմակերպվել է հանդիպում երեխաների եւ դեռահասների համար նախատեսված, օծանելիք եւ կոսմետիկ, ինչպես նաեւ պետական գրանցման ենթակա ոչ պարենային այլ արտադրանք ներմուծող, արտադրող եւ իրացնող տնտեսվարողների հետ: Մարզերում կազմակերպվել են հանդիպումներ ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների եւ ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող եւ իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները:

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման եւ համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձեւավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ եւ որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում: