Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսումից պարզվել է, որ դատավորներին ոչ մի ցուցում չի տրվել: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով երկու ուժային գերատեսչությունների ղեկավարների գաղտնալսման հետ կապված սկանդալը, որի ձայնագրությունը հայտնվել է համացանցում:

Նազարյանը վստահ է, որ ձայնագրությունից հետեւում է միայն մեկ հորդոր, իսկ հատկապես՝ չվախենալ, չկասկածել, հրամանների չենթարկվել, եթե պետք է, ապա կալանավորել, սակայն եթե դրա համար կան օրինական հիմնավորումներ:

«Դատավորները մինչ օրս, ելնելով հին պրակտիկայից, զանգահարում են պաշտոնյաներին եւ հարցնում՝ իբր ինչպես վարվեն: Ըստ էության, մենք պատասխանը ստացանք: Ես նաեւ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մեկ ոչ պակաս կարեւոր հանգամանքի: Գաղտնալսումը կարող է կատարվել միայն համապատասխան պետական կառույցի կողմից՝ պետության եւ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով: Ցանկացած այլ դեպքում սա գործիք է, որն օգտագործվում է պետության շահերի եւ խոսքի ազատության դեմ»,- պարզաբանեց Նազարյանը:

Նա նշեց, որ եթե գաղտնալսում են ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին, ապա կարելի է ենթադրել, որ լսվում են, կամ նախկինում լսվել են, Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ինքը պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ազգային անվտանգության քարտուղարը, եւ ոչ մի երաշխիք չկա, որ այդ գործողությունների միջոցով ստացած տեղեկությունները չեն օգտագործվել պետության շահերի դեմ եւ չեն դարձել շանտաժի նյութ:

«Այս փաստով արդեն քրեական գործ է հարուցվել, եւ հանրությանը պետք է զեկուցվի, ով է որոշել պետության մեջ պետություն դառնալ: Այդ անձինք պատասխանատվության կենթարկվեն եւ համապատասխան գնահատականի կարժանանան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- եզրափակեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների սկանդալային ձայնագրությունը: Զրուցակիցները քննարկել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործերը: Ձայնագրության իրական լինելը հաստատել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ իրենք՝ զրույցի մասնակիցները: