Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին շարունակում է իր աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի աշխատանքները:

Օրակարգում ընդգրկված է 29 հարց, որոնց մեծ մասն արդեն քննարկվել ու քվեարկվել է: Օրակարգում են, մասնավորապես, ՍԴ անդամ ընտրության, Վճռաբեկ դատարանի նախագահի, Վճռաբեկ դատարանի դատավորի, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, Հաշվեքննիչ պալատի անդամի, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունները:

Նշենք, որ արդեն իսկ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Առաջադրվել է Մարտին Գալստյանի թեկնածությունը: Վերջինս ընտրվել է 78 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Խորհրդարանը քննարկել է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Վերջինս ընտրվել է 78 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Նախօրեին ԱԺ-ն քննարկել է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար Դատավորների ընդհանուր ժողովը առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:

Նշենք, որ ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:10-ից մինչեւ 11:00, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը՝ ժամը 11:00-ից մինչեւ 11:30: