Երեկ եւ այս գիշեր հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, կրակոցները եղել են մարտական դիրքերի եւ գյուղի ուղղությամբ, որոնք հայկական կողմը լռեցրել է:

Իր հերթին Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կրակոցները վերջին շրջանում ակտիվացել են եւ սեպտեմբերի 2-ից սկսած հակառակորդը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: Նրա խոսքով, միջպետական ճանապարհը չի փակվել, բնակիչների տները չեն վնասվել, իսկ դպրոցում դասերը շարունակվում են բնականոն հունով:

Գյուղապետն ասաց, որ հրակոցները հիմնականում եղել են գիշերային ժամերին:

Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 22.30-ից մոտ 10 րոպե ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից գնդակոծել է Բաղանիս գյուղը եւ գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը: