ՊՊԾ գնդի գրավման 13–րդ օրը՝ հուլիսի 30–ին, սպանված ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանն այսօր՝ 2018թ. սեպտեմբերի 12–ին ներկայացել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա ներգրավվեց, որպես տուժողի իրավահաջորդ։ Նշենք, որ մինչ այդ տուժողի իրավահաջորդը Տեփանոսյանի մայրն էր՝  Արփինե Թովմասյանը։

Սպանված ոստիկանի հայրն այսօրվա դատական նիստում անսպասելի հայտարարություն արեց. նա նշեց, որ ցանկանում է, որպեսզի իր շահերը դատարանում ներկայացնի այս գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Ավետիսյանն ու Խանդոյանը հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպանից քանի որ իրենց համար տուժողի շահերն ավելի գերակա են։ Պապիկյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ցանկանում է ներկայացնել տուժողի իրավահաջորդի շահերը։

Դատավորը նշեց, որ Պապիկյանը չի կարող իրավաբանական օգնություն ցույց տալ այն անձին, ում շահերը հակասում են իր վստահորդի շահերին։ Այսպիսով դատարանը բավարարեց Արայիկ Խանդոյանի եւ Վարուժան Ավետիսյանի՝ պաշտպանից հրաժարվելու միջնորդությունը, սակայն թույլ չտվեց, որ Պապիկյանը ներգրավվի, որպես Յուրի Տեփանոսյանի ներկայացուցիչ։

Դատավորը հայտարարեց, որ փաստաբան  Արայիկ Պապիկյանն այլեւս ամբաստանյալների շահերը չի ներկայացնում եւ կարող է լքել դատական նիստերի դահլիճը։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիՀից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից: