ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել եւ չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, ինչի իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել Facebook-ի իր էջում:

«Ինչպես հայտարարվել է, գաղտնալսման առնչությամբ հարուցվել է քրեական գործ, եւ Ընկերությունը տեղին չի համարում մեկնաբանել այս գործին առնչվող տեղեկությունները:

Այնուամենայնիվ, ելնելով ընկերության գործարար համբավը պաշտպանելու անհրաժեշտությունից եւ առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը պահանջում է դադարեցնել որոշ ԶԼՄ-ների եւ անհատների, մասնավորապես սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից հարցի անհարկի շահարկումը եւ Ընկերությանն ուղղված զրպարտությունների տարածումը»,-ասված է հայտարարությունում: