Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` սեպտեմբերի 12-ին, ցուցմունք տվեց  ՊՊԾ գնդում պատանդ պահված ոստիկանության աշխատակից, այս գործով տուժող Խաչատուր Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, իսկ Պավել Մանուկյանն իրեն անվանել է «անբարոյական»։ Նա նշեց, որ  տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում են սպանվել  ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանն ու Յուրի Տեփանոսյանը։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մեջբերեց դատական նիստերից մեկի ժամանակ Պավել Մանուկյանի հնչեցրած այն հայտարարությունը, թե ոստիկան  Գագիկ Մկրտչյանը մահացել է  «Էդուարդ Գրիգորյանի կողմից պատահական արձակված կրակոցից» եւ հետաքրքրվեց տուժողից՝ արդյոք իրեն հայտնի է նման տվյալ։

Նշենք, որ  հուլիսի 18-ի դատական նիստում Մանուկյանը հայտարարել էր, որ հրաձիգից ոստիկանին կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը։

Դատավորի հարցը վերդովեցրեց Պավել Մանուկյանին. ««Ձե՞ռ եք առնում»,– տեղից արձագանքեց նա։

Տուժողն էլ նշեց, որ նման հանգամանք իրեն հայտնի չէ։

Խաչատուր Մուրադյանը հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքում, երբ հնչել են առաջին կրակոցները, ինքը գտնվել է հերթապահ մասի դռան դիմաց։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանի հարցին, թե Գագիկ Մկրտչյանի վրա թիկունքային հրազենային վնասվածք տեսե՞լ է, թե՝ ոչ, տուժողը պատասխանեց. «Որովայնից արյուն էր հոսում, հենվեց պատին, ասաց` վախ մեռա: Հետո ես գնացել եմ զինապահեստի մոտ, որտեղ ինձ ասում էին, որ դռները բացեմ»։

Տուժողը նաեւ նշեց, որ ինքը փախուստի է դիմել ՊՊԾ գնդի հետնամասից։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Մյուս 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ։