ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է «կամուֆլյաժ» հագնել եւ պայքարել «սեւերի» դեմ, միայն թե ասեն, թե ովքեր են սեւերը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները փորձ է արվում վերածել հեղափոխության երկրորդ սերիայի, սեւի եւ սպիտակի պատերազմ է սկսվել:

«Երբ հայտարարում են, որ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սեւ են, ես կարծում եմ, այդ հայտարարությունները պետք է լինեն հասցեական, որ իմանանք, թե ով է սեւը: Ինձ համար իմ երկրում չկան սեւեր ու սպիտակներ: Ինձ մոտ տպավորություն է, որ մենք ոչ թե Երեւանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ ականատես ենք լինում հեղափոխական հերթական մոբիլիզացիային:

Եթե մենք հեղափոխական երկրորդ մոբիլիզացիան ենք հայտարարում, եթե մենք այս ընտրությունները պետք է վերածենք հեղափոխության երկրորդ գործընթացի, ապա ես ձեզ վստահեցնում եմ՝ ինձնից ավելի մեծ հեղափոխական թե դուխով, թե խելքով, շատ քիչ հեղափոխականներ կարելի է գտնել: Եթե մրցակցությունը լինելու է այդ հարթության վրա, ապա որեւէ պրոբլեմ չկա, բայց ես հարգում եմ երեւանցուն, որովհետեւ նա ուզում է տեսնել իր խնդիրները լուծված»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը հստակ ներդրումային ծրագրով գնալու է երեւանցիների հետ բակային հանդիպումների. «Ես առաջարկելու եմ՝ հիմա դուք ուզում եք խոսեմ այս ներդրումներից, որոնք լուծելու են ձեր խնդիրները, թե՞ անենք հեղափոխական կոչեր։ Եթե երեւանցին կասի, որ իրենց պետք են հեղափոխական կոչեր, մենք բոլորս հագնենք կամուֆլյաժները եւ այնպիսի հեղափոխական կոչեր անենք, որ բոլոր հեղափոխականները զարմանան»:

Թեկնածուի խոսքով՝ նման քարոզչություն չի կարող լինել եւ այսպես շարունակվելու դեպքում պետք է «Երեւանի ավագանու ընտրություններ» անվանումը դնել մի կողմ ու հայտարարել, որ մրցում ենք, թե ով է ավելի հեղափոխական, հագնենք կամուֆլյաժներ եւ գնանք հեղափոխության. «Ինձ համար մեկ ջրբաժան կա՝ Երեւանի լուծված եւ չլուծված խնդիրներ: Եթե այլ ջրբաժան կա, այլ հակահեղափոխականներ կան, անորսալի Ջոեր կան, ուրեմն դա պետք է լինի հասցեական, մենք էլ միանանք հակահեղափոխականներին գտնելու եւ ասֆալռին պառկեցնելու գործին»:

Դիտարկմանը, որ որպես սեւ տրվել է Ռոբերտ Քոչարյանի անունը, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց. «Ռաբերտ Քոչարյանը Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցում, եթե նրա հետ կապված իրավական գործընթացներ կան, դա պետք է արվի իրավապահ համակարգի կողմից, ոչ թե Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ»: