ԵՄ-ն դեմ է «ռոբոտ մարդասպաններին»: Reuters-ի հաղորդմամբ, Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում միջազգային արգելք դնել այն զենքի մշակմանը, արտադրությանը եւ օգտագործմանը, որը սպանում է առանց մարդու հրահանգի:

Ինքնավար զենքը այն մեքենաներն են, որոնք ծրագրավորված են արհեստական ինտելեկտի միջոցով առանց մարդու վերահսկողության թիրախների ընտրության եւ հարձակման համար:

Այս ռոբոտների հակառակորդները մտավախություն են հայտնում, որ դրանք կարող են վտանգավոր դառնալ կիբեր հարձակման ժամանակ կամ ծրագրավորման մեջ թույլ տրված սխալի արդյունքում:

«Ես գիտեմ, որ սա կարող է ինչ-որ հեռավոր ապագայի կամ գիտական ֆանտաստիկայի մասին բանավեճ թվալ: Սակայն դա այդպես չէ», - խորհրդարանում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Սեպտեմբերի 12-ին ընդունված բանաձեւը դրանց զարգացումն ու օգտագործումը կանխելու փորձ է:

Human Rights Watch-ի տվյալներով, երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, Չինաստանը, Իսրայելը, Հարավային Կորեան, Ռուսաստանը եւ Բրիտանիան մոտենում են զենքերի ինքնավար համակարգերի ստեղծմանը: