Apple ընկերությունը ներկայացրել է Apple Watch Series 4 նոր սերնդի «խելացի» ժամացույցը՝ հայտնում է Ինտերֆաքսը։

Ժամացույցի դիսփլեյը մեծացել է մոտ 30%-ով, էկրանի շրջանակը կլորացել է։ Դիսփլեյին արտացոլված տվյալները կարելի է հարմարեցնել ձեզ՝ զանազան տարբերակներով։ Օրինակ, տեղադրել լուսանկարներ, կամ այն երկրների ժամերը, ուր պատրաստվում եք գնալ։

Բացի այդ, Apple Watch-ն ունի նոր նկարներ, որոնք հարմարեցված են էկրանին։

Apple Watch-ը ներկայացնելիս նշվել է, որ այն աշխատում է երկու անգամ ավելի արագ, իսկ ձայնը բարձրացել է 50%-ով։

Ժամացույցի նոր գործառույթներից է նաև շտապօգնության կանչն այն դեպքում, եթե սարքն ընկալի, որ իր տերն ընկել է։ Ինչպես նաև, ժամացույցն առաջին սարքն է աշխարհում, որի միջոցով կարելի է ինքնուրույն սրտի էլեկտրակարդիոգրամա անել։ Բոլոր արդյունքները սարքը կպահի իր մեջ՝ հետագայում բժշկին ցույց տալու համար։

Apple Watch-ի մեկնարկային գինն ԱՄՆ-ում 499 դոլար է։