Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լայպցիգի համալսարանի Լայբնիցի անվան Արեւելյան Եվրոպայի պատմության եւ մշակույթի ինստիտուտի փոխտնօրեն Շտեֆան Թրյոբսթի գլխավորած պատվիրակությանը։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ նման այցերը լավ առիթ են Արցախի մասին ճշգրիտ եւ ամբողջական պատկերացում կազմելու համար,  եւ հույս հայտնել, որ տվյալ այցը հնարավորություն կընձեռի քննարկելու գիտական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել տարբեր բնագավառներում՝ ներառյալ գիտական-կրթական ոլորտում արտաքին կապերի եւ համագործակցության հաստատման ուղղությամբ Արցախի իշխանությունների կողմից իրականացվող քայլերին՝ կարեւորելով միջազգային գործընթացներին Արցախի  համակողմանի ներգրավումը։

Հյուրերի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները, անդրադարձել հանրապետության միջազգային ճանաչման եւ տարբեր երկրների սուբյեկտների հետ ապակենտրոնացված համագործակցության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին։

Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին՝ Մասիս Մայիլյանը նշել է, որ բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է վերականգնել եռակողմ բանակցային ձեւաչափը՝ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների լիիրավ մասնակցությամբ։ Նախարարը նշել է, որ Արցախի իշխանությունները պատրաստ են դե յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության պահպանման համար պատասխանատվության իրենց բաժինը: Միեւնույն ժամանակ, ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա։

ԱԳՆ ղեկավարը նաեւ պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։