Բրիտանիայի ԱԳՆ-ն արձագանքել է Russia Today-ի եթերով հեռարձակված  Սոլսբերիում Սերգեյ եւ Յուլիա Սկրիպալների թունավորման կասկածյալներին: Foreign Office-ի հայտարարության համաձայն, Ալեքսանդր Պետրովը եւ Ռուսլան Բոշիրովը, չնայած իրենց խոսքերին, ԳՀՎ աշխատակիցներ են, իսկ հարցազրույցը ճշմարտությունը թաքցնելու Ռուսաստանի հերթական փորձն է, գրում է «Վեդոմոստին»:

«Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը եւ դատախազությունը այդ մարդկանց Սոլսբերիում թունավորման հիմնական կասկածյալներ են անվանել:  Կառավարությանը պարզ է, որ նրանք Ռուսաստանի ռազմական հետախուզության ծառայության աշխատակիցներ են` ԳՀՎ-ի, եւ մեր երկրի փողոցներում օգտագործել են խիստ թունավոր, անօրինական քիմիական զենք: Մենք բազմիցս խնդրել ենք Ռուսաստանին բացատրություններ տալ Սոլսբերիում մարտի դեպքերի մասին: Այսօր, ոչ առաջին անգամ, նրանք  արձագանքեցին կեղծիքներով եւ ստով», - ասված է բրիտանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Այսօր RT-ով հեռարձակվեց  Պետրովի եւ Բոշիրովի հարցազրույցը գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Նրանք պատմել են, որ Սոլսբերի են գնացել որպես զբոսաշրջիկներ, ոչ մի կապ չունեն ԳՀՎ-ի հետ, եւ սովորական գործարարներ են:

Սեպտեմբերի սկզբին Բրիտանիայի ոստիկանությունը եւ դատախազությունը Պետրովին եւ Բոշիրովին անվանեցին մարտի 4-ին Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման կասկածյալներ:

Այդ տվյալներով, նրանց թունավորման օրը տեսել են Սկրիպալների տան մոտակայքում, իսկ հյուրանոցի համարում գտել են «Նովիչոկ» թույնի հետքեր:

Բրիտանական լրատվամիջոցներն ավելի ուշ հաղորդել են, որ կասկածյալները ԳՀՎ-ի արտասահմանում հատուկ գործողությունների խմբի մաս են կազմում եւ առաջին անգամ չէ, որ մեկնել են այլ երկրներ այդ նպատակով:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նրանց նույնպես անվանել է ԳՀՎ սպաներ: Նրա կարծիքով, նրանք գործել են ՌԴ ղեկավարության «բարձր մակարդակով» հրամանով:

Սեպտեմբերի 12-ին Արեւելյան տնտեսական համաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական իշխանություններին հայտնի են այն մարդիկ, ում Միացյալ Թագավորությունը կասկածում է թունավորման համար: «Այնտեղ ոչ մի հատուկ կամ քրեական բան չկա», - ասել էր նա: Պուտինը Պետրովին եւ Բոշիրովին կոչ էր արել «գալ ինչ-որ տեղ», օրինակ` ԶԼՄ-ով ելույթ ունենալ: