Օրեր առաջ Սյունիքի մարզում ԱԱԾ աշխատակիցները առանձնապես խոշոր չափի դրամանենգության գործ են բացահայտել. 28-ամյա Հրաչյա Բ.-ն եւ 40-ամյա Ռոման Կ.-ն իրենց համաքաղաքացի՝ 54-ամյա Գրիգոր Հ.-ն 10 հազար ԱՄՆ դոլար պարտք են եղել ու դրա շուրջ միմյանց հետ նախնական համաձայնության գալով՝ որոշել են պարտքը վերադարձնել կեղծ գումարներով։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս տարվա մարտի 19-ին Հրաչյա Բ.-ն Ռոման Կ.-ից իրացման նպատակով ձեռք է բերել կեղծ 17 հազար ԱՄՆ դոլար եւ մարտի 20-ին Ագարակ քաղաքում Գրիգոր Հ-ի տղային՝ 22-ամյա Էրիկ Հ.-ին պարտքը մարելու պայմանով վերջինիս իրացրել է իր մոտ եղած 15 հազար ԱՄՆ կեղծ դոլարը, մնացածը նա պահել է իր մոտ։

Պարզվել է, որ մարտի 22-23-ն ընկած ժամանակահատվածում Հրաչյա Բ.-ն Կապան քաղաքում Դ. Ա.-ին իրացրել է 900 ԱՄՆ կեղծ դոլար, այս տարվա ապրիլի 8-ին իրավապահները դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել եւ նրա մոտ հայտնաբերել մոտ 1700 ԱՄՆ կեղծ դոլար։

Փաստի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։