Թուրքական Էլյազիգ քաղաքում  ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին, սկսվում է Գերմանիայի քաղաքացի Իլհամի Ա.-ի դատավարությունը: Համբուրգի 46-ամյա բնակիչը մեղադրվում է Քրդական աշխատավորական կուսակցության գործունեությունը քարոզելու մեջ, հաղորդում է DW-ն:

Մեղադրական եզրակացությունում, որը հասանելի է դարձել dpa լրատվական գործակալությանը, խոսքը  ֆեյսբուքյան էջի բովանդակության մասին է: 2018-ի մարտից մինչեւ հուլիս Իլհամի Ա.-ն կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին «քուրդ քաղաքական գործիչ եւ ուսուցիչ» է անվանել:

Բացի այդ, նա հրապարակել է կուսակցության զինյալների լուսանկարները, պնդում է մեղադրական կողմը:

Իլհամի Ա.-ն մերժում է մեղադրանքները: Նրա խոսքով, սոցիալական ցանցում որպես ապացույց ներկայացված էջը իրեն չի պատկանում:

Համբուրգի բնակիչը ձերբակալվել էր օգոստոսի կեսերին Էլյազիգ նահանգում: Գերմանական NDR հասարակա-իրավական մեդիա ընկերության  համաձայն, նա եկել էր Թուրքիա մորն այցելելու համար: