Բրիտանացի նկարիչ Դեւիդ Հոքնիի նկարը կդառնա ամենաթանկարժեք աշխատանքը, որը նկարիչն իր կյանքի օրոք երբեւէ վաճառել է աճուրդում, հայտնում է BBC-ն: 

Նկարչի «Լողավազան՝ երկու պատկերներով» նկարը գնահատվում է 80 մլն դոլար, հայտնել են Christie's-ի լոնդոնյան աճուրդի տանից, որը զբաղվում է նկարի վաճառքով: Սպասվում է, որ աճուրդը տեղի է ունենալու նոյեմբերի 15-ին Նյու Յորքում:

«Սա արդի դարաշրջանի ամենամեծ գլուխգործոցներից է»,- հայտարարել են կազմակերպիչները:

Ներկայումս մեր ժամանակների ամենաթանկարժեք նկարի վաճառքի ռեկորդը պատկանում է ամերիկացի Ջեֆ Քունսի աշխատանքին: Նրա՝ «Փուչիկներից շունը» 2013 թվականին վաճառվել է 58 մլն դոլարով:

«Այս նկարի գինը հիմա սահմանվել է 80 մլն դոլարի սահմաններում, սակայն գինը վերջնական չէ, եւ այն կարող է տարցտարի աճել»,- ասել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում Christie's-ի հետպատերազմական եւ ժամանակակից արվեստի բաժնի տնօրեն Ալեքս Ռոթերը:

Ռոթերը հավելել է, որ այս նկարի շնորհիվ Հոքնին ամրապնդել է իր տեղը մեր ժամանակների ամենապատվավոր նկարիչների շարքում:

Աճուրդում վաճառվելուց առաջ նկարը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում: