ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ի նիստում ընդունեց  ՀՀ գյուղնախարարությանը գումար հատկացնելու եւ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ սա պիլոտային ծրագիր է լինելու. «Որպես փորձնական պիլոտային միջոցառում ՀՀ-ում վարելահողերի արդյունավետ օգտագործման, հացահատիկային ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի օգտագործողներին: Նրանց կողմից 2018-ին, 2019-ի բերքի համար փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի մեկ հա-ի համար նախատեսվում է հատկացնել 60 հազար դրամ: Շահառուների թիվը կլինի շուրջ 4 հազար: Ծրագրի համար կպահանջվի շուրջ 182 մլն դրամ, որից սուբսիդիան՝ 180 մլն դրամ»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ առաջարկում են այդ գումարը հատկացնել մատչելի գներով պարարտանյութ հատկացնելու ծրագրի միջոցներից:

Այս որոշմամբ ակնկալվում է վարելահողերի օգտագործման արդյունավետության մակարդակի բարձրացում, չմշակվող հողերի օգտագործում, ցանքատարածությունների համախառն արդյունքի ավելացում, տնտեսվարողների եկամուտների բարձրացում: Բացի այդ, ակնկալվում է, որ մշակվող հողատարածքները կավելանան 15 տոկոսով եւ կդառնան 3 հազար հեկտար, ասաց Արթուր Խաչատրյանը:

«Այս պահին վարելահողերի մոտ 35 տոկոսը չի մշակվում եւ դա մեզ համար ոլորտային գերակայություն է: Եթե մենք ցորեն պակաս ենք մմշակում, հետո ստիպված այդ ցորենը ներկրում ենք: Հաջորդ գերակայությունը տարածքային անհամաչափության մեղմումն է: Եթե շահութաբեր լիներ, մենք չէինք ունենա այդքան չմշակվող տարածքներ»,-ընդգծեց նա: