ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ աննախադեպ լարված հարաբերությունների ֆոնին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) պետիցիա է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի (H.Res.220),  քվեարկություն  նշանակելու կոչով, որը Կոնգրեսի ավելի քան 120 անդամ աջակցում է:

«Այսօր Թուրքիան մենակ է: Կոնգրեսում աջակիցները, որոնք ինչ-որ ժամանակ Կապիտոլիումի բլրում պաշտպանում էին Թուրքիային, այժմ իրենք պաշտպանության կարիք ունեն: Որքան ավելի մոտ ենք միջնաժամկետ ընտրություններին, այնքան ավելի շատ են Էրդողանը եւ լոբբիստները աշխատում բանաձեւի ընդունման դեմ:

Եվ նրանց ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի արգելափակեն  քվեարկությունը, քանի որ գիտեն, որ Կոնգրեսի անդամների ճնշող մեծամասնությունը կաջակցի ցեղասպանության կանխարգելման մասին փաստաթուղթը», - ասել է ANCA-ի տնօրեն Արամ Ամբարյանը:

H.Res.220 բանաձեւը հումանիտար միջոց է, որը մարդու իրավունքների պաշտպանության կոչ է անում եւ դիմում է ԱՄՆ-ի առաջնորդությանը ցեղասպանության եւ այլ վայրագությունների կանխման համար:

Փաստաթուղթը ԱՄՆ կառավարությանը կոչ է անում հիմնվել 1915-1923 թվականների Օսմանյան կայսրությունում հայերի եւ այլ քրիստոնյաների դեմ Ցեղասպանության դասերի վրա, որոնք կօգնեն կանխել կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների դեմ ժամանակակից վայրագությունները: