Չինաստանը պատրաստ է օգնել Վենեսուելային ինչով կարող է, ասել է վարչապետ Լի Կեցյանը Պեկինում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Reuters-ը:

Մադուրոն տնտեսական համաձայնագրերը քննարկելու համար չորսօրյա այցով Չինաստանում է:

Ըստ Լի Կեցյանի, Չինաստանն աջակցում է տնտեսությունը զարգացնելու Վենեսուելայի ջանքերը  եւ պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել: Ըստ նրա, Պեկինը մտադիր է շարունակել զարգացնել գործարար եւ առեւտրային կապերը: Նա հույս է հայտնել, որ Վենեսուելան կկարողանա ավելի լայն «քաղաքական աջակցություն եւ իրավական երաշխիքներ» ապահովել:

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ընթացքում Մադուրոն շնորհակալություն է հայտնել Չինաստանին ըմբռնման եւ աջակցության համար: Նա նշել է, որ Վենեսուելան պատրաստ է Չինաստանի հետ «ուսումնասիրել ֆինանսավորման արդյունավետ մեթոդները» եւ ամրապնդել համագործակցությունը էներգետիկ ոլորտում: