Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱՊՀ երկրների փոխվարչապետների հետ այցելել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցասրահ-համալիրի տարածքում գտնվող «Հայաստան» տաղավար:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի, եւ ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցչի ուղեկցությամբ ԱՊՀ երկրների փոխվարչապետները շրջայց են կատարել «Հայաստան» տաղավարում, ծանոթացել հայկական արտադրության եւ Հայաստանի մասին պատմող ցուցանմուշներին:

Փոխվարչապետներին ներկայացվել է, որ 2004 թվականից ցուցասրահ-համալիրի տարածքում գործող Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնում անցկացվում են թեմատիկ միջոցառումներ՝ կապված նշանակալի իրադարձությունների, հայկական տոների հետ:

Ըստ պատասխանատուների՝ այս տաղավարում պարբերաբար անցկացվում են միջոցառումներ, որոնց շրջանակում ներկայացվում է Հայաստանի տնտեսությունը, մշակույթը, պատմությունը:

Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերին: