Դառնալով Երեւանի քաղաքապետ՝ ծառայելու ու վերականգնելու եմ այն նախագիծը, այն հատակագիծը, որ նախատեսված էր բարեկեցիկ Երեւանի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Նոր Նորքում իր քարոզարշավի ժամանակ նշել է «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Նա իր թիմակիցների հետ այցելել է Նոր Նորք վարչական շրջանի «Վիշապի կոթողներ» այգում, որտեղից դիմելով երեւանցիներին՝ ասաց, որ տարիներ առաջ, երբ ապօրինի շինարարության պատճառով այգին ցանկանում էին վերացնել, նա գործընկերների հետ թույլ չէր տվել ապօրինի շինարարությունը՝ այդպիսով փրկելով այգին, այն ժամանակ իրականացրեցին նաեւ ծառատունկ, եւ այսօր այգին կանաչապատ է եւ կանգուն:

Զարուհի Փոստանջյանը նաեւ շնորհակալություն հայտնեց տարածքի բնակիչներին, ովքեր նույնպես պայքարեցին այգու փրկության համար: Այնուհետեւ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը, հիշեցնելով, որ Նոր Նորքի այգիները կառուցել է Պավել Սաֆյանը՝ ընդգծեց, որ խոնարհվում են նրա հիշատակի առաջ, քանի որ ոչ միայն ստեղծվեց նոր թաղամաս Երեւանում, այլ նաեւ՝ թաղամասը կանաչապատ էր: Եվ մեր նախնիներից, ղեկավար անձանցից, ովքեր կառուցեցին եւ կանաչ Երեւան էին փոխանցում սերունդներին, պարտավորվում եւ ասում է, որ գալով որպես Երեւանի քաղաքապետ՝ ծառայելու է եւ վերականգնելու է այն հատակագիծը, որը նախատեսված էր բարեկեցիկ Երեւանի համար:

Այսօր երեկոյան՝ ժամը 19:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում գտնվող Հայկ Բժշկյանցի (Գայի) հուշարձանի հարակից տարածքում «Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու թեկնածուները կներկայացնեն կուսակցության նախընտրական Ծրագիրը եւ կպատասխանեն քաղաքացիների հարցերին:

Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նախընտրական քարոզարշավը շարունակվում է եւ համակիրների թիվն օրեցօր ավելանում է: