Փորձագետները մտահոգություն են հայտնում՝ կապված Ամուլսարի հանքավայրի մոտ տեղի ունեցող սողանքների հետ։

Ինչպես ԵՊՀ-ում սեպտեմբերի 14-ին Ամուլսարի հանքավայրի շուրջ կայացած քննարկումների ժամանակ նշեց ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցությունների գնահատման (ՇՄԱԳ) նախագծում ոչինչ չի ասվում սողանքային գոտու մասին, որն, ի դեպ, գրանցված է անշարժ գույքի կադաստրում։ Այն ներառում է Իրան-Հայաստան ավտոճանապարհը, որի վերին հատվածը համընկնում է հանքավայրի մի հատվածի հետ։

Գրիգորյանը չբացառեց, որ սողանքները կարող են ակտիվանալ հանքավայրում պայթյուններ կատարելու, ծանր տեխնիկա անցնելու եւ այլ դեպքերում։ Դա էլ իր հերթին լուրջ սպառնալիք է Իրան-Հայաստան ավտոճանապարհի համար, որին կարող է տասնյակ միլիոնների վնաս հասցվել։

Փորձագետն ուշադրություն հրավիրեց Ամուլսարում ուրանի ի հայտ գալու վրա եւ նշեց, որ այդ մասին ասվում է երկրա-հանքաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանի աշխատությունում։ Այդ տեղանքը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արեւելք եւ Ամուլսար լեռից 5կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ «Ամուլսարի ուրանի պաշարները գնահատվում են 100 տոննա, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում այդ մասին ոչինչ չի ասվում», -հայտարարեց Գրիգորյանը։

Նա նաեւ մատնացույց արեց այն փաստը, որ մոտակայքում է գտնվում Արփա-Սեւան թունելը, եւ հանքավայրի շահագործումը կարող է ամբողջովին շարքից հանել այն․ այդ մասին եւս գնահատականում ոչինչ չի ասվում։

Այդ կապակցությամբ Գրիգորյանը հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը, շրջակա միջավայրի վրա ազդեցությունների այսպիսի ոչ լիարժեք գնահատման պայմաններում, հանցագործություն է։

«Այն, որ կվարցիտներում, որոնք պարունակում են Ամուլսարի ոսկին, ուրանի հանքանյութեր կան, դա փաստ է», -տեղեկացրեց ԵՊՀ դասախոս Շահեն Խաչատրյանը։ Ինչպես նշվեց, ելնելով նրանից, որ ուրանը ռադիոակտիվ է, այն ցանկացած տեսքով բացասաբար է ազդում շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա։

Խաչատրյանը քննադատության ենթարկեց նաեւ Lydian Armenia-ի այն հայտարարությունը, թե հանքավայրի շահագործումը բացասաբար չի ազդում ջրային ռեսուրսների վրա։ Նրա խոսքերով՝ լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու կարիք կա, քանի որ ՇՄԱԳ-ի կողմից ներկայացվող տվյալները փորձագետների շրջանում հարցեր են առաջացնում։ «Ջերմուկի հանքային աղբյուրները տարածաշրջանային նշանակություն ունեն»,- ընդգծեց նա։

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սեյրան Մինասյանն ասաց, որ Ջերմուկի ջրային պաշարների վրա հանքավայրի բացասական ազդեցությունը Lydian Armenia-ն բացատրում է նրանով, որ Ամուլսարն առանձին աշխարհագրական բլոկ է՝ առանձին ջրային համակարգով։ «Սակայն երկրաբանները դրա հետ համաձայն չեն»,- նշեց փորձագետը։

Նրա կարծիքով՝ ընկերության հայտարարություններն այն մասին, թե Ամուլսարի եւ Ջերմուկի ջրերը տարբեր քիմիական բաղադրիչ ունեն, դեռեւս չի վկայում, որ ամուլսարյան գոտու ջրերը չեն մասնակցում ջերմուկյան հանքային մարմնի ձեւավորմանը։ Մինասյանը քննադատեց նաեւ այն հանգամանքը, որ իզոտոպային անալիզներն արվել են Ջերմուկի ջրի միայն մեկ փորձանմուշի հիման վրա։

Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ձեռնարկությունն է: Ամուլսարի նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: Հանքավայրի շահագործումը 10 տարի եւ 4 ամիս կտեւի, տարեկան միջինը նախատեսվում է 200 000 ունցիա ոսկի արդյունահանել: Ամուլսարի հանքավայրը Հայաստանում պաշարների մեծության թվով երկրորդն է:

Հավելենք, որ տեղացիները հունիսից շարունակում են փակել Ամուլսարի հանքավայրի ճանապարհը՝ ի նշան դրա շահագործման դեմ բողոքի։