Տարածաշրջանի դեռևս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը այսօր՝ սեպտեմբերի 14–ին, շահագործման հանձնեցին Վանաձորում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Եվրոպական չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը՝ իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ։ Այն հագեցած է իտալական սարքավորումներով։

Բացմանը մասնակցող՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը հիշեցրեց, որ նախարարությունը արտոնյալ վարկեր է տրամադրում  կարկտապաշտպան ցանցեր ձեռք բերելու համար։

«Նախարարությունն իրականացնում է «Գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր»,–ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալը։ 

Նշենք, որ կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերք ստանալու կայուն երաշխիք են՝ գրեթե 100%-ով պաշտպանում են  այգիները կարկտահարության բացասական ազդեցությունից, քամիներից, թռչունների և խոշոր միջատների վնասից։