Մենք տեսանք, թե իչ եղավ, երբ ժամանակին ՀՀՇ-ն, իսկ հետո նաեւ Հանրապետականը, գնացին շարժումը կուսակցությամբ փոխարինելու ճանապարհով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի «Ժառանգության» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես արդեն՝ որպես ավագ եւ ավագ թեկնածու, բարեկամաբար մեր բարեկամներին ասում եմ՝ եթե համարում եք մեզ նաեւ համամասնակից, պարկեշտ համահեղինակ, թիկնապահ, առաջամարտիկ 20 տարի տեւած այս հեղափոխության, մենք ասում ենք՝ խնդրում ենք, այս ճանապարհով չգնանք: Որովհետեւ, եթե այդպես գնացվի, սա բումերանգի պես պիտի խփի ոչ միայն ձեզ՝ որպես կուսակցության, այլեւ պետությանը: Հուսով ենք, որ այդ ճանապարհը չի շարունակվելու, չի բացառվում, որ կշարունակվի, եթե շարունակվի՝ մենք կլինենք ընդդիմադիր այդ մոտեցման, որովհետեւ համարում ենք, որ սա ոչ պետական մոտեցում է»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիք հայտնեց, որ հասկանալի է այդ զգացմունքայնությունը, որովհետեւ հակահեղափոխության վտանգ կա տարբեր անկյուններից, որոշ տեղեկությունների տիրապետում է վարչապետը. «Մենք զորակցում ենք փոփոխությունները, բայց երբեւէ այդ ճշմարտության մենաշնորհը, այդ հեղափոխության, նոր Հայաստանի դափնիները միայն մեկին, միայն մի ցուցակին վերագրելու աշխատաոճը պիտի դառնա անցյալի բան, որովհետեւ ինչպես ինքը ճշմարտապես ասում է՝ այս հաղթանակը ժողովրդինն է, ոչ մեկը ինձնից, նաեւ մեզանից չեն կարող խլել մեր մեկ կաթիլ մասնակցությունն այդ ամենին։ Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ունենալու ենք նոր քաղաքապետ»,-ընդգծեց «Ժառանգության» թեկնածուն: