ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանին այսօր՝ սեպտեմբերի 14–ին,  Ավան վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ նարդի խաղացողները հարց տվեցին՝ ինչի՞ «Ելք» դաշինքով չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին. «Նախկինում միասին էիք, ներդաշնակ իրար հետ ու շատ լավ իրար հետ, հիմա առանձին եք»։

Արամ Սարգսյանը պատմեց մանրամասները՝«Ելք» դաշինքի 3 կուսակցություններից Քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնել է «Իմ քայլը»  շարժումը եւ հաջողություն ունեցել հեղափոխության հարցում։

 «Հեղափոխությունից հետո ՔՊ–ն դարձավ շատ մեծ կուսակցություն, բազմամարդ, մի քանի անգամ ավելի մեծ, քան մեր կուսակցություններն են եւ որոշում կայացրեց որ ինքը այս ընտրություններում պիտի փորձի իր ուժերը, պիտի միայնակ գնա՝ քաղաքապետի իր թեկնածուով։

Դրանից հետո հո մենք չէինք գալու ասենք՝ գիտեք ինչ, մեզ էլ վերցրեք էլի։ Այդ ժամանակ ինչ էին ասելու, ասելու էին՝ Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը պատեհապաշտ մարդիկ են, պաշտոն են ուզում, այն ժամանակ, որ իրենք քայլում էին, իրենց հետ չքայլեցին, հիմա գնացել մտնում են էնտեղ»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա ավելացրեց. «Հետո, իրենք էլ պիտի առաջարկեին»։

Սարգսյանը պարզաբանեց, որ ՔՊ–ն համարում է, որ բազմամարդ կուսակցություն է, ունի իր կադրերը, ունի համապատասխան գիտելիքներ, ամեն ինչ կարող է արդար ու ճիշտ անել։

«Մենք էլ մեր կուսակցությունները հո չէինք փակելու ու գնանք մեր տուն։ Գտել ենք, որ մենք ասելիք ունենք, մենք անելիք ունենք, ընտրել ենք մեզ անուն ու մտել այս ընտրապայքարի մեջ»,–եզրափակեց Արամ Սարգսյանը։