Վլադիվոստոկ մենք հասանք, հիմա հարկավոր է Լիսաբոն հասնել եւ ընդհանուր տնտեսական տարածք ստեղծել, որպեսզի բիզնեսն իրեն հարմարավետ զգա: Այս մասին «ՄԻՐ 24»-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Մենք կողմնակից ենք ընդհանուր, գլոբալ տարածության ձեւավորմանը՝ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ: Վլադիվոստոկ մենք հասել ենք, հիմա հարկավոր է Լիսաբոն հասնել, ստեղծել ընդհանուր տնտեսական տարածություն՝ առանց պատնեշների, առանց սահմանափակումների, առանց առգրավումների, այնպես, որ բիզնեսի համար հարմարավետ լինի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա հիշեցրել է նաեւ արդեն գոյություն ունեցող առեւտրային համաձայնագրերի եւ խոսել այնպիսիների մասին, որոնք նախատեսվում է կնքել առաջիկայում: Նրա խոսքով՝ այժմ բանակցություններ են ընթանում Հնդկաստանի եւ Եգիպտոսի հետ: Հերթում Իսրայելն ու Սինգապուրն են: