Սեպտեմբերի 15-ին Վրաստանում հավատարմագրված դեսպանների պատվիրակությունն այցելեց «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի եւ Հավերժական կրակի մոտ` մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը: Հյուրերը ծանոթացան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությանը՝ գրառումներ կատարելով Հիշատակի գրքում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Հայաստանում են գտնվում Վրաստանում հավատարմագրված դեսպանները: Այցը կայացել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ: