Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղը սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է: Համայնքի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի խոսքով, ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաեւ դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղում մի տան պատն է վնասվել, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը եւ տանիքը: Գնդակները դիպել են նաեւ գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Հայկական կողմը պատասխանել է: