Հուլիսին դեպի Հայաստան ֆիզիկական անձանց կատարած փոխանցումների գումարը տարեկան կտրվածքով աճել է 4,3 միլիոն դոլարով (կամ 2,5 տոկոսով)։ Սակայն առանձին Ռուսաստանում անկում է նկատվել՝ մոտ 2,6 միլիոն դոլարով (2,3 տոկոսով)՝ այլ երկրներից փոխանցումների ավելացման հաշվին։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ կապված համեմատաբար բարենպաստ ժամանակաշրջանը, որ դիտվել էր առաջին կիսամյակում, վերջացավ։

Օգոստոսի տվյալները դեռեւս հրապարակված չեն, բայց ակնհայտ է, որ այդ ամսին եւս դրական տեխաշարժ, կապված ռուսական փոխանցումների հետ, չի եղել։ Եվ նորից պատճառը ռուբլու թուլացումն է։

Չնայած 3 տոկոսով Ռուսաստանից փոխանցումների բաժնի նվազմանը՝ այդ ցուցանիշը դեռեւս մեծ է՝ 62,4 տոկոս հուլիսին։ Այնտեղից գումար հիմնականում փոխանցում են աշխատող միգրանտները՝ հայրենիքում մնացած իրենց ընտանիքներին օգնելու համար։ Հասկանալի է, որ փոխանցումներ ստացողներին դժվար է դասել մեր հասարակության նյութապես ապահովված շերտերին։ Այդ պատճառով Ռուսաստանից ցանկացած չափի փոխանցման կրճատումը ավելի է վատացնում նրանց կյանքի մակարդակը։  

Վաղուց հայտնի է, որ ՌԴ-ից փոխանցումների կրճատման պատճառն ուղիղ կապ ունի ԱՄՆ դոլարի կուրսի ամրապնդման հետ։ Այսպես, հուլիսին դոլարը թանկացավ 3 ռուբլով (կամ 5,4 տոկոսով)։ Եթե հուլիսի փոխանցումների գումարը դոլարից վերածենք ռուբլու, ապա անկման փոխարեն ստացվում է աճ՝ 205 միլիոն ռուբլով (կամ 3 տոկոսով)։  

Այնպես որ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ կարելի է սպասել Ռուսաստանում դոլարի կուրսից։ Կշարունակվի՞ արդյոք դրա ամրապնդումը (ինչպես պնդում են որոշ փորձագետներ մինչեւ 80 ռուբլի՝ դեկտեմբերին), թե՞ ռուբլին կվերականգնի իր կորցրած դիրքերը։ Ճիշտ է, վերջին տարբերակի կողմնակիցները, ովքեր այնքան էլ շատ չեն, չեն նշում վերադարձի բազային չափը։ 

Ռուսաստանի պաշտոնական տվյալներով՝ ընդհանրապես երկրում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների բացասական սալդոն առաջին կիսամյակում կազմել է 3,9 միլիարդ։ Այսինքն, մոտ 4 միլիարդ մաքուր հոսք՝ 6 ամիսների ընթացքում։

Արտարժույթի ներհոսք-արտահոսքում բացասական սալդոյի այս չափը Ռուսաստանի տնտեսւթյան մասշտաբներով կարծես թե աղետային չէ։

Արտաքին առեւտրի ավելցուկը հունվար-հուլիս ամիսներին ավելացել է տարեկան կտրվածքով 40 միլիարդ դոլարով եւ հասել է 112,2 միլիարդի։ Ռուսաստանի միջազգային պաշարները մեկ տարվա ընթացքում աճել են ավելի քան 32 միլիարդ դոլարով եւ սեպտեմբերի 7-ի դրությամբ կազմել են 459 միլիարդ դոլար։ Սակայն արտարժույթի հետ կապված այժմյան վիճակը բավական լարված է։ Հիմնականում դա կապված է ԱՄՆ պատժամիջոցների հետ, որի ֆոնին ի հայտ եկան Ռուսաստանի տնտեսության մեջ վաղուց գոյություն ունեցող ճգնաժամային երեւույթները։

Արդեն հնչում են արտարժույթի հետ կապված գործողությունների տարբերակներ, որոնք կարելի է գնահատել որպես արտակարգ։

Օրինակ, պետական բանկերից մեկի ղեկավարը առաջարկել է դոլարային հաշվից գումար հանելու դեպքում գումարի տիրոջը տալ այլ արտարժույթ։ Հավանաբար՝ ռուբլի։ Անգամ եթե այդպիսի բան չկատարվի էլ, միայն դրա բարձրաձայնումը կարող է զգուշավորություն առաջացնել արտասահմանյան ներդրողների շրջանում։ Իմիջիայլոց, այդ առաջարկը ռուսական իշխանությունները հավանության չեն արժանացրել։