ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի գումարները հետ չեն վերադարձվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը՝ հերքելով մամուլում տարածված այն տեղեկությունները, թե նրա գումարները՝ վերադարձվել են։

«Դա ապատեղեկատվություն է, նման բան չկա, ես էլ եմ կարդացել այդ տեղեկատվությունը, սակայն դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։ Ի՞նչ վերադարձի մասին է  խոսքը գնում, դա ինչ-որ մեկի երեւակայության արդյունքն է»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանի փաստաբանը դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:

Մինչեւ 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի` Երեւան քաղաքի Տերյան փողոցի 66-րդ շենքի 62-րդ բնակարանում 2018թ.-ի հունիսի 20-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 35.000.000 ՀՀ դրամ, 1.110.400 դոլար, 230.500 եվրո, իսկ վերջինին պատկանող ավտոտնակում հունիսի 21-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է 2.000 դոլար:

2018թ.-ի հունիսի 25-ին Վաչագան Ղազարյանը Երեւան քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 13 հասցեում գործող «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից կանխիկացրել է 50.000 դոլար, իսկ Չարենցի փողոցի 12 հասցեում գործող «Յունիբանկ» ՓԲԸ-ի իր հաշվեհամարից՝ 120.000 դոլար եւ 436.000.000 ՀՀ դրամ, որից անմիջապես հետո բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նշված գումարները հայտնաբերվել եւ առգրավվել են:

Քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաեւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝  460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 դոլարի եւ 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը, եւ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն՝ վերջինս ապօրինի հարստացել է:

Վաչագան Ղազարյանը ազատ է արձակվել հուլիսի 27-ին` մուծելով Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամ գրավը: