Հոնկոնգի միջազգային օդանավակայանում հարյուրավոր թռիչքներ չեղյալ են հայտարարվել կամ հետաձգվել են տարածաշրջանում վերջին տարիների ուժեղագույն «Մանգհուտ»  փոթորկի մոտեցման կապակցությամբ,  հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օդերեւութաբանների տվյալներով, ներկայումս արեւադարձային ցիկլոնի էպիկենտրոնը գտնվում է Հարավչինական ծովում՝ քաղաքից 580 կմ հարավ-արեւելք: 8.3 մ/վ արագությամբ մթնոլորտային հողմապտույտը տեղափոխովում է Գուանդունի արեւմտյան ափ եւ կիրակի  կեսօրին կհասնի մայրցամաք:

Քամու արագությունը նրա կենտրոնական մասում հասնում է 54,17 մ/վրկ: Ցիկլոնը, որին տրված է «սուպերթայֆունի» կարգավիճակ, ուղեկցվում է հորդառատ անձրեւներով, որոնք կարող են մեծ ջրհեղեղներ առաջացնել:

Անցյալ գիշեր «Մանգհուտը» անցել է Ֆիլիպիններով, որտեղ, ըստ վերջին տվյալների, խլել է առնվազն չորս մարդու կյանք: Աղետի մեկ այլ զոհ է դարձել Թայվանի բնակիչը, որին հսկայական ալիքը ծով է նետել: