Ոստիկանության հրապարակված տեսանյութի «հերոսը» ես եմ, եւ դա բոլորովին իրականությանը չի համապատասխանում: Այս մասին, այսօր՝ ասեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Մարկոս Հարությունյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախօրեին իրենց մեքենաները կանգնեցրել են, փռել ասֆալտին ու նկարահանել:

«Երեկ չէ առաջին օրը ԲՀԿ-ի քարոզարշավի շրջանակներում գտնվում էինք Շենգավիթ վարչական շրջանում: Բոլոր իմ ընկերներին հրավիրել էի: Հանդիպման վերջում ընկերներս առաջարկեցին, որ ուզում են ինձ հետ գալ շտաբ, որ այնտեղ բազմաթիվ հարցեր քննարկենք: Այնտեղ մնացել ենք մոտ քառասուն րոպե: Հետո շարժվում էինք Աջափնյակ, երբ Պռոշյան փողոցում մեր մեքենան կանգնեցրեցին՝ մասկաներով, որքան հիշում եմ՝ ունեին նաեւ ավտոմատներ, եւ բառիս բուն իմաստով փռեցին ասֆալտին:

Երբ մեզ ասացին, որ կանգնենք, ես, ձեռքերս պարզած, մեքենայից իջել եմ, հագիս եղել է ԲՀԿ քարոզչական շապիկը: Ներկայացել եմ, որ ավագանու թեկնածու եմ, առանց որեւէ բառ խոսելու՝ ինձ փռել են ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասել են՝ կարող ես գնալ, ազատ ես։ Հետո տեսանյութ են հրապարակում, որ ես իբր շրջում եմ թիկնազորով, շարասյունով», - ներկայացրեց Մարկոս Հարությունյանը՝ հավելելով, որ ոստիկանները շատ մեծ սխալ են թույլ տվել, եւ որ իրեն ճանաչողները գիտեն, որ ինքն օլիգարխ չի, թիկնազոր չունի:

Ինչ վերաբերում է նրան, որ մեքենաների համարանիշները իրար նման են, ինչը խոսում է այն մասին, որ այդուհանդերձ, ավտոշարասյուն է եղել, Մարկոս Հարությունյանն ասաց. «Ես չեմ էլ ֆիքսել, որ ավտոների համարանիշներն իրար նման են: Խնդալու էլ կլիներ, եթե ուշադրություն դարձնեի: Այսինքն եթե համարանիշները բռնում է, էդ տրամաբանությամբ, պետք է ճանապարհս փոխեմ, թե չէ կհայտնվեմ ասֆալտի վրա՞: Կամ եթե ես իմ ընկերների հետ այդ «կալոնա» ասվածով գնում էինք քառօրյա պատերազմի մասնակցելու, օգնություն տանելու, այդ ժամանակ ինչու մեզ չէին բռնում: Ես ուղղակի վիրավորված եմ այդ ամենից: Այս ամենին այսպես արձագանք չէր տրվի, եթե երեկվա տեսանյութում ինձ «հերոս» չսարքեին»:

Հիշեցնենք, որ օրերս Դավիթաշենում կայացած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր ոստիկանապետին ու ԱԱԾ պետին, որ ռեյդեր իրականացնեն, եւ օլիգարխների ու պաշտոնյաների թիկնազորներին «փռեն ասֆալտին»: