Դավիթաշենը համեմատաբար նոր համայնքն է, բայց այստեղ նույնպես հանրային տրանսպորտի խնդիրն առկա է, նաեւ կա մասնավոր խնդիր, որ գերեզմանոցը մոտենում է բնակելի հատվածներին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Դավթաշենում և Աջափնյակում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, Աջափնյակ համայնքը նույնպես ունի լուրջ խնդիր՝ աղբավայրի առկայությունը. «Նաեւ այստեղ պետք է ունենանք մետրոյի երկու կայարաններ, որոնք հնարավոր է արագ գործարկել: Դրանք կառուցվել են խորհրդային տարիներին եւ բավականին քիչ գումարներով հնարավոր է դրանք բացել եւ բեռնաթափել Երեւանը:

Բոլորը միանշանակ պնդում են, որ պետք է ազատվել երթուղայիններից: Ես հավաստիացնում եմ, որ շատ արագ կարելի է իրականություն դարձնել դա, ունենալ հարմարավետ ավտոբուսներ եւ ունենալ մեկ միասնական տրանսպորտի համակարգ»,-ասաց Փոստանջյանը:

Նա անդրադարձավ նաեւ վերելակների խնդրին՝ նշելով, որ դրանք բոլորը պետք է փոխել. «Տանիքները պետք է վերանորոգենք, նաեւ պետք է արդիականացնեք տանիքները, օգտագործելով դրանք եւ ստանալով էլեկտրաէներգիա: Դա փոխշահավետ գործարք է լինելու մասնավորի եւ քաղաքապետարանի միջեւ:

Նաեւ խնդիր ունենք փողոցների ու բակերի բարեկարգման: Մարդիկ բողոքում են աշխատատեղ, սոցիալական երաշխիքներ չունենալուց: Դա նույնպես քաղաքային իշխանությունների խնդիրն է, որովհետեւ մենք պատասխանտու ենք նաեւ դրա համար: Երեւանը լինելով համայն հայության մայրաքաղաք, ունի միջոցներ եւ կարող է բազմաթիվ հարցերի լուծում տալ, եթե կա դրա համար քաղաքական կամք: Իհարկե, օրենքի շրջանակներում գործունեությունը»: