Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերին խնդրում է զերծ մնալ իրավապահների հաշվին հանրությանը դուր գալու գործելակերպից։

Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է.

«Ոստիկանության երեկ տարածած տեսանյութը` թիկնազորով շրջելու եւ դրա հետեւանքների մասին, ոմանց հարցերի ու քննադատության տեղիք է տվել:

Ասենք, որ ոստիկանությունը նման միջոցառումներ իրականացրել է եւ դրա նախորդ օրը, եւ դրանից առաջ, պարզապես ձեռնպահ ենք մնացել տեսանյութերը հանրայնացնելուց, ինչը արվելու էր նաեւ այս դեպքում, պարզապես գործողության կիզակետում հայտնված անձի թիմակցի անհամարժեք արձագանքը կարող էր թյուր հանրային կարծիք ձեւավորել, ուստի ստիպված էինք հրապարակել:

Թվում էր, թե այլեւս հարցեր չպիտի լինեն, բայց նույն տրամաբանությամբ այսօր էլ իրականությունը խեղաթյուրելու, իրավապահ կառույցի ղեկավարի խոսքն աղավաղելու, ոստիկանության գործողություններին մտացածին դրվագներ ավելացնելու միջոցով հանրային կարծիքը շեղելու փորձ արվեց:

Գնահատականներ տալ չենք ուզում, պարզապես ոստիկանությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին խնդրում է քարոզչություն իրականացնելիս զերծ մնալ իրավապահ մարմինների հաշվին հանրությանը դուր գալու հնացած գործելակերպից, իսկ եթե ունեք դժգոհություններ ու հիմնավոր կասկածներ, որ կոնկրետ կառույցը, ստորաբաժանումը, ծառայողը օրենք է խախտել, ապա կան գործողությունների համապատասխան ընթացակարգեր: Իհարկե, օրինաստեղծ մարմնի ներկայացուցչին այսպիսի խորհուրդ տալն ավելորդ է թվում, բայց կարիքն առաջացել է:

Ոստիկանությունը նախընտրական այս փուլում, ինչպես եւ ընտրությունների օրը իր գործառույթները կատարում ու կատարելու է պատշաճ, լիարժեք եւ բացառապես օրենքի շրջանակում՝ ակնկալելով բոլորի աջակցությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երկու օր առաջ ոստիկանները կանգնեցրել էին Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 7-րդ համարի՝ Մարկոս Հարությունյանի մեքենան, «փռել ասֆալտին»: ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իրենք դիմում են դատախազությանը՝ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը գնահատելու պահանջով:

Ոստիկանները կանգնեցրին, ինձ փռեցին ասֆալտին, նկարահանումները վերջացնելուց հետո ասեցին՝ ազատ ես. ԲՀԿ թեկնածու