«Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը քննադատել է Փաշինյանի կառավարության կադրային քաղաքականությունը եւ մասնավորապես ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանին նշանակելուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողներին ասել է Ավետիսյանը եւ հավելել, որ պետք է ազատվել հին համակարգից ու հին համակարգի կադրերից։

«Ի՞նչ է նշանակում՝ օրենքը թույլ չի տալիս այլ մարդու նշանակել ոստիկանապետ, ստիպված կին ու երեխա ծեծող Վալերի Օսիպյանին ենք նշանակում ոստիկանապետ, որովհետև նա մեջների լավն է։ Չի կարելի նման մտածողությամբ հեղափոխություն անել: Չի՛ կարելի այս մտածելակերպով և մեթոդաբանությամբ հեղափոխություն անել, հարկավոր է անցում կատարել կոշտ կառավարման»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ արագ  պետք է մաքրվել նախորդ ռեժիմի մնացորդներից։

«Մենք շատ վտանգավոր ճանապարհի վրա ենք հիմա կանգնած՝ պետք է մաքրվել նախորդ ռեժիմի մնացորդներից: Չնայած մեր ժողովուրդը ոտքի կանգնեց և ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանին հեռացրեց, բայց ռեժիմն իր զգալի մասով պահպանված է և ամեն կերպ դիմադրում է ժողովրդի հաղթանակին»,- ասել է Վարուժան Ավետիսյանը։